воскресенье, 19 января 2014 г.

Դիջիպատում 2013

Իմ Սեպտեմբերը անսովոր էր, որովհետև, արդեն օգոդտոսից դարձել էի Իջևան Արտ Ֆեստիվալի համադրողը, և ողջ ժամանակս տրամադրում էի փառատոնի կազմակերպչական գործունեությանը:
Իջևան քաղաքը և քանդակի սիմպոզիումը ինձ համար, հոմանիշներ են, քանի որ երեք տարի 1989-91 թվականները, ես մասնակցել եմ սիմպոզիումներին: Այդ տարիները եղել են հրաշալի ժամանակներ` լեցուն ստեղծագործական աշխատանքով: Իջևանը արվեստով լի, գեղեցիկ, մաքուր, ինքնատիպ քաղաքշինությամբ քաղաք էր: Զարմանալի ժամանակաշրջան էր, երբ ղեկավարը` Ջեմմա Անանյանը հայրենասեր ու արվեստասեր էր, իսկ կազմակերպիչը` Սարո Սարուխանյանը արվեստի նվիրյալ: Եվ այդ տանդեմը յոթ տարիների ընթացքում հնարավորություն էր ստեղծել տարբեր երկրներից, տարբեր մտածողություն ունեցող արվեստագետների` աշխատել, ստեղծագործել ազատ, ներածին ուժերի չափ, դրա արդյունքում Իջևանը դարձավ քանդակների քաղաք, իր ինքնատիպ աշխատանքներով: